Դրանք կփակենք և կհրապարակենք. Փաշինյանը` 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին
Այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցան անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները։ Ծնողներից մեկը նշեց, որ իր որդին ոչ թե զոհված է, այլ՝ գերի։
«Ես պատերազմի մասնակից եմ, 2020 թվին տղես զոհվել ա, ինձ դի են տվել։ Բայց փաստորեն բանից պարզվում է, որ ոչ թե իմ երեխան զոհված է, իմ երեխան գերության մեջ է։ Սա իմ տղան է։ Աշխարհն էլ քանդվի, երկիրն էլ քանդվի՝ սա իմ տղան է»,- ասաց ծնողը, Փաշինյանին տեսանյութ ցույց տվեց և նշեց, որ շատ տեսանյութեր ունի։
Փաշինյանը հանձնարարեց, որ ճշտումներ անեն և զեկուցեն իրեն։
Ծնողներից մյուսն հետաքրքրվեց, թե ինչու չի հրապարակվում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։
«Անկեղծ ասեմ, ես այն կարծիքին եմ, որ պետք է հրապարակեն։ Այնտեղ քաղաքական նյուանսներ կան, դրանք կփակենք և կհրապարակենք»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը ծնողներից մեկին ասաց, որ մտահոգությունները և հարցերը գրավոր ձևակերպի։
«Անհայտ կորածի վերաբերյալ ես ձեզ գրավոր ի՞նչ պատասխան տամ։ Ո՞ւր ա էրեխեն։ Գրավոր կգրեմ, թե՝ բանավոր, մի կերպ ասեք»,- վրդովվեց ծնողը։
Ծնողներից մյուսն էլ նշեց, որ Քննչական կոմիտեում բողոք է ներկայացրել՝ իր որդուն անօգտակար թողելու վերաբերյալ։
«Իմ էրեխուն անօգնական թողել փախել են պատերազմի ժամանակ, ինքը չորս ժամ գոռացել է, որ օգնեք ախպերներ։ Սպային զանգել եմ, ասում եմ, ո՞ւր ա իմ երեխեն, խի՞ ես փախել, ասում է՝ դիմիր իրավապահ մարմիններին»,- ասաց նա։
Փաշինյանը ծնողներին հավաստիացրեց, որ հետևողական կլինեն և բոլոր հարցերը կպարզեն։