Երբեք որևէ հրաման չեմ տվել ինքնիշխան տարածքից որևէ զորքի հետ քաշման մասին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ 2021 թվականի ընտրությունները de facto դարձել են պատերազմի հետ կապված բոլոր հարցերի «քննություն»։ Նրա խոսքով՝ պատերազմին վերաբերող որևէ բան հանրությանը անհայտ չէ, իսկ քրեական գործերում չկա տեղեկատվություն, որը կառչի հանրային գիտելիքից դուրս։


«Այդ քննությունը տեղի է ունեցել, ես այդ գործով հարցաքննվել եմ։ Ավելին՝ քննվել եմ ժողովրդի կողմից։ 2021 թվականի ընտրություններն են այդ ամբողջ քննությունը»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ պատերազմի վերաբերյալ մանրամասները բազմիցս ներկայացվել են ինչպես քննիչ հանձնաժողովներում, այնպես էլ իր ելույթներում։


Վարչապետը նաև արձագանքել է հարցին՝ արդյոք պատերազմի ընթացքում տվել է հրաման ՀՀ ինքնիշխան տարածքից զորքը հետ քաշելու վերաբերյալ․


«Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից որևէ զորքի հետ քաշման մասին»։


Փաշինյանը սխալ է համարել այն կարծիքը, թե քրեական գործերում կարող են լինել նոր կամ անհայտ փաստեր, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։ Նրա գնահատմամբ՝ պատերազմին առնչվող բոլոր էական հանգամանքները հասանելի են հանրային դիսկուրսում։

Քաղաքականություն