
Լավրովի ասածը այն է՝ եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ի՞նչ եք ուզում․ Սարգսյան

Որևէ դրսի ուժ, առանց ներսի, որևէ բան անել չի կարող։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ում իշխանափոխության համատեքստում պե՞տք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, թե ոչ։
«Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց ես չեմ տեսնում այդ օժանդակությունը, այդ չափով, որ բավարար լինի, բայց վստահ եմ՝ եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միանշանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, որոնք սատարեն այդ շարժումը։ Ես դրանում չեմ կասկածում»,- ասել է նա։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, իրենք այդ մասին լրատվամիջոցներից են տեղեկացել, Սերժ Սարգսյանն պատասխանել է․
«Ես չեմ կարծում, որ Լավրովի ասածն այն է, որ ստարտը տված է, վազեք գնացեք։ Ոչ, ես դա չեմ համարում, ես համարում եմ այդ հայտարարությունը արդարացի։ Բա եթե դաշնակիցն է մեր, բա եթե բանակցում էին եռակողմ, իսկ մենք տարիներով ականատես ենք եղել այդ եռակողմ բանակցություններին, ու հետո գնում են մեկ այլ տեղ մեկ այլ հայտարարություն են անում, արդյո՞ք այդ բանակցության կողմերից մեկը չպիտի ասի՝ եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ի՞նչ եք ուզում»։
Հարցին՝ եթե դուք գաք իշխանության, կկարողանա՞ք հաջողություն գրանցել անվտանգության, Արցախի հետ կապված հարցերում, երրորդ նախագահը ասել է․ «Ես հավակնություն չունեմ և ոչ էլ ցանկություն՝ գալու իշխանության։ Ես ասում եմ՝ ես չեմ լինելու։ Եթե որևէ մեկը, որեւէ քաղաքական ուժ գա և տեսնեմ, որ այդ քաղաքական ուժը աշխատում է ի օգուտ, ի նպաստ Հայաստանի, և եթե իրենք կարիք ունենան իմ խորհուրդների, ես ընդամենը խորհրդատուի դերով կարող եմ հանդես գալ՝ հաշվի առնելով իմ անցած ճանապարհը։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ արդեն արդեն ժամանակն է, մի քիչ էլ ինձնով զբաղվելու՝ հանգստով և այլ պայմաններով»։
Ինչ վերաբերում է իշխանափոխությունից հետո Արցախի հարցում շրջադարձային փոփոխությունների հնարավորությանը, Սարգսյանը նշել է․
«Ոչինչ երբեք հնարավոր չի բացառել։ 1930-ականներին, 1940-ականներին Հայաստանի մի շարք ղեկավարներ գրավոր դիմել են Մոսկվա, Ղարաբաղը Հայաստանի միացնելու հարցով, բայց լայն հասարակությունը երբեք դրանով առանձնապես չի զբաղվել, որովհետև շատ-շատերը համարել են, որ դա վերջնական է և վերջ։ Եթե լինեն անհատներ, լինեն քաղաքական ուժեր, որոնք այդ գաղափարը վառ կպահեն, ես վստահ եմ, որ մի օր այդ գաղափարով հետաքրքրվելու են ուժեր, նաև Հայաստանից դուրս և հնարավոր է լինելու այդ գաղափարը իրականություն դարձնել։ Այսօր, եթե նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունն ասի՝ բոլոր արցախցիներին, բոլոր ղարաբաղցիներին, ովքեր գան, աղուհացով եմ դիմավորելու, ես չեմ կարծում, որ մի քանի հարյուր մարդուց ավելի կհամաձայնվեն գնալ այնտեղ, որովհետև երեխայի հարց կա, ընտանիքի հարց կա, վերաբերմունքի հարց։ Այդ վերադարձը անպայման պետք է ամրապնդված լինի միջազգային դերակատարներով, ուրիշ կերպ հնարավոր չի»։
Հարցին՝ գործող իշխանությունները միայն թերանո՞ւմ են իրենց աշխատանքում, թե՞ տեղի ունեցածը նաև դավաճանության հետևանք է, Սերժ Սարգսյանը արձագանքել է․
«Իհարկե մեկ-մեկ ես էլ եմ այդ բառը օգտագործում սրանց հասցեին, բայց ես շատ հակված չեմ առանց թղթային, փաստաթղթային ապացույցի ասել, որ սա 100%-ով այսպիսին է։ Դուք մի րոպե կասկածո՞ւմ եք, որ սրանք ուրանում են ամեն ինչը, եթե սրանք ուրանում են Հայաստանի անկախության հռչակագիրը, ուրանում են մեր ժողովրդի համար կենսական անհրաժեշտության հարցեր, երբ որ կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը, այստեղ ի՞նչ խնդիր կա»,- ասել է Սարգսյանը։