
«Ես նման բան չեմ ասել». Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «չի կարող հավատալ, որ Զելենսկուն բռնապետ է անվանել»։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման սկզբում լրագրողների հետ զրույցում, թեև հավելել է, որ իր հարաբերությունները Ուկրաինայի նախագահի հետ «որոշակիորեն սրվել են»։
ԱՄՆ նախագահը նաև լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը «լավ առաջընթաց է գրանցել խաղաղության համաձայնագրի ձեռքբերման հարցում» և կարծում է, որ ընդերքի մասին համաձայնագիրը կարող է դիտվել որպես «պաշտպանիչ մեխանիզմ» Ուկրաինայի համար։
«Նախագահ Զելենսկին ուրբաթ առավոտյան կգա ինձ տեսնելու։ Եվ մենք պատրաստվում ենք ստորագրել իսկապես, կարևոր պայմանագիր երկու կողմերի համար, քանի որ դա մեզ թույլ կտա մտնել այդ երկիր, աշխատել այնտեղ։ «Դա արդյունավետորեն կդառնա անվտանգության մեխանիզմ»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում էր արել այն մասին, որ միջին հաջողության հասած կատակերգու Վոլոդիմիր Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգներին համոզեց ծախսել 350 միլիարդ դոլար՝ ներգրավվելու մի պատերազմի մեջ, որը հնարավոր չէր հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր, բայց պատերազմ, որը նա, առանց ԱՄՆ-ի և Թրամփի, երբեք չի կարողանա ավարտել։ Թրամփը գրել էր, որ առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին պետք է արագ գործի, այլապես նրա երկրից ոչինչ չի մնա։