Փաշինյանը՝ Բաքվի հետ բանակցային գործընթացից նոր մանրամասներ է հայտնել

Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։


«Մենք հիմա վերլուծում ենք, որպեսզի մեր պատասխան առաջարկները ներկայացնենք Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Այնտեղ կան բազմաթիվ շերտեր, նյուանսներ, իհարկե պարբերություններն անսահմանափակ չեն և ասել` մերժել է կամ չի մերժել, մի քիչ հարաբերական է»,– ասաց Փաշինյանը։


Հարցին, թե Ադրբեջանի հետ հնարավոր եղել է համաձայնեցնել սահմանազատված հատվածներից ԵՄ դիտորդների դուրսբերումը, Փաշինյանը կրկնեց, որ չհամաձայնեցված կետերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։


Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանը, ապա ՀՀ վարչապետը նշեց, որ Բաքվից դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել, չնայած որ Ադրբեջանի արտգործնախարարության մակարդակով նշել են, որ դա գործնական նշանակություն չունի։


«Մենք մեր պաշտոնական հարցին պաշտոնական պատասխան չեն ստացել։ Ադրբեջանական փորձագիտական և քաղաքական դաշտում այլ կարծիքներ էլ են հնչել , որ այն առաջարկը, որ արվել է Հայաստանի կողմից, լավն է և պետք է ընդունել»,– ասել է նա։

Փաշինյանն ընդգծեց, որ եթե Հայաստանը ստացել է փաստաթղթի 12–րդ խմբագրումը, դա արդեն նշանակում է, որ գործընթացը փակուղում չէ։

ՀՀ վարչապետը, անդրադառնալով երկաթուղային փոխադրումներին, նշեց, որ Հայաստանը պատրաստ է գնալ Ադրբեջանի հետ երկաթուղու շահագործման ռեժիմի լրացուցիչ պարզեցման՝ փոխադարձ հիմունքներով։ Նա ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհը «մայրցամաքային» Ադրբեջանից Նախիջևան այն նույն սկզբունքով, ինչ Իրանի տարածքով անցնող ճանապարհը։


«Ես հաճախ վերլուծում և մտածում եմ, թե ինչու պետք է Ադրբեջանը բացասական պատասխան տա, և օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժման որևէ հիմք չկա»,–ասաց Փաշինյանը: