ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստերոիդ է պայթել Ֆիլիպինների երկնքում
Երեկ չափերով բավական փոքր աստերոիդ է անվնաս այրվել Խաղաղ Օվկիանոսի տարածքում, տեղեկացնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA):
Մոտ 1 մետր չափերով այստերոիդն այրվել է սեպտեմբերի 4-ին՝ արևելյան ժամանակով ժամը 12:46-ի սահմաններում՝ Ֆիլիպինների Լուզոն կղզու մոտակայքում:
Աստերոիդը, որն ստացել է 2024 RW1 անունը, երեկ հայտնաբերել էր հետազոտող տեխնոլոգ Ժակլին Ֆազեկասը ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող Catalina Sky Survey աստղադիտարանից։ Այն ֆինանսավորվում է ՆԱՍԱ-ի կողմից և գտնվում է ԱՄՆ Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի մոտակայքում և նպատակ ունի հետևել և գրանցել մերձերկրյա օբյեկտներին։
Ըստ ESA-ի՝ 2024 RW1-ը իններորդ աստերոիդն էր, որը նկատվել է նախքան Երկրի մթնոլորտ մտնելը։
ՆԱՍԱ-ի Asteroid Watch կայքը կանխատեսել էր, որ մթնոլորտում աստեորիդի այրումը կարող է վառ լույս առաջացնել երկնքում։ Սոցիալական ցանցերում տեղադրված բազմաթիվ տեսանյութերում երևում է, թե ինչպես է երկնքում վառ կանաչ հրե գունդ հայտնվում։
Մոլորակային պաշտպանությունը, որը ներառում է Երկրի մոտ գտնվող աստերոիդները որոնելը, դրանք գրանցելն ու դրանց շարժմանը հետևելը, դարձել է աշխարհի տիեզերական գործակալությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը։ 2022-ին ՆԱՍԱ-ն իր DART առաքելության ժամանակ հատուկ այդ նպատակով ստեղծված սարքով հարվածեց աստերոիդների կրկնակի համակարգի աստերոիդներից մեկին՝ փորձելով փոխել դրա հետագիծը:
Երկիրն ստերոիդների պոտենցիալ հարվածներից պաշտպանելու համար NASA-ն ծրագրում է նաև ստեղծել նոր ինֆրակարմիր աստղադիտակ, որը հայտնի է որպես NEO Surveyor, իսկ Չինաստանը մշակում է աստերոիդների ուղղությունը շեղելու իր սեփական առաքելությունը, որը պետք է պատրաստ լինի մինչև 2030-ը։