ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան

Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ, ցավոք սրտի, ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի թուլակամության եւ կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտություն:

Այս մասին նախօրեին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաոտւցված պատարագից հետո իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Կույր պետք է լինել, կամ կուրացած, կուրացածի վրա էլ ուրացած, որ մոռանաս, կամ վախի ներքո չկարողանաս այդ ստացած ժառանգությունը համարես քոնը եւ տեր կանգնես: Ես գաղտնիք չեմ ասի ձեզ, որ շարունակաբար մենք գտնվում ենք դավաճանված ու ուրացված լինելու այս ամբողջ գործընթացում:

Բագրատ Սրբազանը ասում է, որ որեւէ մեկը իրավունք չունի հանձնել իր հայրենքի որեւէ տարածք. «Հիմա էլ ասում են՝ ոչ, գյուղեր չենք հանձնում, տարածքներ են դրանք: Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, խան ես, ո΄չ թագավոր ես, ո΄չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես կամ փորձում ես հանձնել:

Տավուշի թեմի առաջնորդը ընդգծում է, որ հիմա ժողովուրդը պետք է որոշի՝ հանձնվել, թե ընդվզել, ընդդիմանալ եւ «կտրել այն ձեռքը, որ փորձում է խառնել մեր տունը:

«Մոնթեն ասում էր՝ Արցախը հանձնելով, մեր պատմության վերջին էջը շրջեցինք, Տավուշի այս գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջը շրջել, այլ հայության պատմության գիրքը փակել, քանի որ մենք մի տեսակ դրված ենք դագաղի մեջ միայն եւ այդ վերջին մեխերն են մնացել, որ հարության հույս էլ չունենանք: Բայց չի լինելու դա, ինչ էլ անեք,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում