Մոտ 100 զոհվածի մարմին գտնվում է Ստեփանակերտից կտրված բնակավայրերում. մի ընտանիքից մի քանի սպանված կա. Թաթոյան

Արցախում մոտ 100 զոհվածի մարմին գտնվում է Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչ կա: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
 

«Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են պահում:
 

Կան դեպքեր, երբ մարդիկ ստիպված են հուղարկավորություններն անել առանց բժշկական փորձաքննությունների»,-գրել է Թաթոյանը:
 

Նրա խոսքով՝ հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին. չգիտեն՝ ողջ են, գերության մեջ, թե մահացած:
 

«Ադրբեջանական զինված ծառայողները ամբողջությամբ խափանել են կապը, ինչն խիստ դժվարացնում որևէ հարցի լուծում։

Նշվածին ավելանում է սննդի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները։
 

Վերջապես, մարդիկ տուն չունեն. բռնի տեղահանված են իրենց տներից, պատմական բնակավայրերից: Այս ամենը ադրբեջանական մտադրված քաղաքականություն է, որ հայատյացությունից` սկսած մարդկանց խոշտանգելով ու սպանություններով մինչև այսպիսի անմարդկային տառապանքներ»,-գրել է ՀՀ նախկին ՄԻ պաշտպանը:

Քաղաքականություն

Պատահարներ