Բազմաթիվ ահազանգեր վերաբերում են քաղաքացիների անձնագրերը դեսպանատներում և վիզաների կենտրոնում լինելուն․ ԿԸՀ նախագահի տեղակալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոն ստացված բազմաթիվ ահազանգեր վերաբերում են քաղաքացիների անձնագրերը դեսպանատներում և վիզաների կենտրոնում լինելուն, ինչի պատճառով նրանք չեն կարողանում մասնակցել քվեարկությանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

 

Նա նշեց, որ ընտրողներն այս հարցով բողոքում են անձնագրային ծառայությունների մոտեցումներից, որ իրենց որևէ փաստաթուղթ չի տրամադրվում։

 

«Նշեմ, որ ընտրողի անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ տրամադրելու կարգը շատ հստակ սահմանում է՝ եթե ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է վիզաների կենտրոնում, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ ընտրողին անձը հաստատող փաստաթղին փոխարինող փաստաթուղթ տրամադրելը։ Այդ ընտրողները չեն կարող որևէ այլ փաստաթղթով մասնակցել քվեարկությանը»– ասաց Հովհաննիսյանը։

 

Ահազանգերի մեջ մեծ մաս են կազմում նաև օտարերկրյա ընտրողների փաստաթղթերի հետ կապված խնդիրները, որոնք բազմատեսակ են։ Օրինակ` քաղաքացիներ կան, որոնք և՛ կացության քարտ ունեն, և՛ արդեն հասցրել են ունենալ նաև ՀՀ անձնագիր, որով էլ ընդգրկվել են էլեկտրոնային ցուցակում, սակայն վերջիններս ընտրության են եկել կացության քարտով։

 

«Այդ քաղաքացիները պետք քվեարկեն այն փաստաթղթով, որով ընդգրկված են ընտրողների էլեկտրոնային ձևաչափով կազմված ցուցակում»,–պարզաբանեց նա։

 

Մյուս ահազանգերի մասին ԿԸՀ նախագահի տեղակալը նշեց, որ առավոտյան 475 ընտրատեղամասերից մեկը` թիվ 2 ընտրատարածքը, ուշացումով է բացվել։ Այդ դեպքը ԿԸՀ–ն հենց առավոտյան արձանագրել է և ձեռնարկել է համապատասխան միջոցներ։

Նա նշեց, որ ընտրատեղամասում խնդիրներ են արձանագրվել տեխնիկական սարքավորումների հետ կապված, մասնավորապես եղել են իրավիճակներ, երբ կտրոնը թերի է տպվել։

 

«Եղել են սարքի կողմից տպված կտրոններ, որում երևացել է ընտրողի լուսանկարի կեսը, անձը հաստատող փաստաթղթի թիվը չի երևացել, բայց սարքը հաստատել է։ Եթե երկրորդ անգամ անցկացնեին, արդեն կրկնակի գրանցման փորձ կհամարվեր»,–հավելեց նա։

Քաղաքականություն