
Ֆինլանդիան կկառուցի ԵՄ ամենամեծ պահեստը` նախատեսված միջուկային սպառնալիքների դեմ

Ֆինլանդիայում կստեղծվի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիքների դեպքում սարքավորումների և դեղամիջոցների պահեստ, որի համար երկիրը տարեսկզբին ԵՄ հանձնաժողովից ստացել է 242 միլիոն եվրո։ Այս մասին Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի ՆԳՆ կայքը։
Նմանատիպ պահեստներ կան Ֆրանսիայում, Լեհաստանում և Խորվաթիայում, սակայն Ֆինլանդիայի նախագիծն ամենախոշորն է և ներառում է և՛ պաշտպանիչ սարքավորումները, և՛ բժշկական պարագաները, նշել է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։
Նրանք պարզաբանել են, որ պահեստավորման համար ձեռք են բերվում պաշտպանիչ սարքավորումներ, չափիչ սարքեր, դետեկտորներ, արագ թեստեր, դեղամիջոցներ և պատվաստանյութեր, որոնք նախատեսված կլինեն արտակարգ իրավիճակների դեպքում առաջին արձագանքողների և քաղաքացիական բնակչության օգտագործման համար։ Միջոցներ կձեռնարկվեն նաև համաճարակի դեպքում։
Գործակալությունն ընդգծել է, որ ստեղծվող արտակարգ իրավիճակների պահեստարանները ԵՄ փրկարար ծառայությունների մեխանիզմի մաս են կազմում, որի կենտրոնը Բրյուսելում գտնվող ԵՄ Արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնն է (ERCC): Այն ընդունում է օգնության խնդրանքներն ամբողջ աշխարհից՝ առաջնահերթություն ունենալով ԵՄ երկրների և Ֆինլանդիայի հարևանների հետ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ միջուկային պատերազմի հավանական սպառնալիքն ավելի վտանգավոր չէ, քան կլիմայի փոփոխության էկզիստենցիալ խնդիրը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել Իրանի հետ միջուկային գործարքը խախտելու Եվրոպայի ծրագրերի մասին։