
Ջո Բայդենի որդին կարող է քրեական գործի մասնակից դառնալ

Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը հայտարարել է Դեյվիդ Վայսին նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի, գործով հատուկ դատախազի պաշտոնում նշանակելու մասին, հաղորդում է AP գործակալությունը՝ նշելով, որ, ըստ ԱՄՆ Գլխավոր դատախազի, այս նշանակումը 2020 թվականից ընթացող հետաքննությանը նոր լիցք կհաղորդի։
Բայդենի 54-ամյա որդին կասկածվում է օտարերկրյա, հիմնականում չինացի, բիզնեսմենների հետ գործարքներ կնքելու ընթացքում հարկային և փողերի լվացումը կանխելուն ուղղված օրենսդրությունը խախտելու մեջ։
Բացի այդ, ըստ ամերիկյան աղբյուրների, Ջոզեֆ Բայդենի որդուն կասկածում են կեղծ ցուցմունքներ տալու համար։ Այս մի դրվագը վերաբերում է զենքի վաճառքի գործարքներից մեկին, որի մասնակիցների մեկը եղել է Հանթեր Բայդենը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նախագահի որդին գործարքի է դիմել քննության հետ՝ ընդունելով մեղքը հարկային խարդախությունների հետ կապված։ Ավելի ուշ CNN հեռուստաալիքը նշել էր, որ մինչդատական համաձայնությունը վերանայվել է եւ գործարքը վերականգնվել է սահմանափակ ձեւով։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ մեղադրանքի եւ պաշտպանության կողմերը պայմանավորվել են, որ համաձայնությունը տարածվի 2014-2019թթ. շրջանի վրա եւ անդրադառնա միայն այն դրվագներին, որոնք վերաբերում են հարկային իրավախախտումներին, թմրանյութերի օգտագործմանը եւ զենք պահելուն։