
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին

ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ:
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ։
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- «Լուրերի» հարցմանն ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Նշենք, որ այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ սադրանքներ կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։
Միաժամանակ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ թուրքական կողմից օդային տարածքի փակման մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։