ՀՀ ներթափանցած ադրբեջանցին է սպանել պահնորդին․ իշխանական պատգամավոր
Այո, նման տեղեկություն կա. կարող է որոշակի գործընթացներ են պետք քննչական կոմիտեին՝ դա հաստատելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ձերբակալված ադրբեջանցի զինվո՞րն է սպանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին:
Վերջինս պնդեց, որ ունի տեղեկություն, որը շատ հստակ է:
Հարցին, թե այս վարկածը հաստատվելու դեպքում արդյոք մեղադրանք կառաջադրվի՞, նա արձագանքեց. «Ինչ է նշանակում կառաջադրվի՞, ՀՀ-ում քաղաքացիական անձ է սպանվել, ինչպես կարող է մեղադրանք չառաջադրվել»:
Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ տարածքը հատած ադրբեջանցիներին փոխանակել Ադրբեջանում գտնվող մեր գերիների հետ, վերջինս պատասխանեց՝ չի կարող որևէ կանխատեսում անել, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել:
«Վստահ եմ, որ կհարուցվի քրեական գործ, և նա կդատապարտվի: Ես հաստատում եմ, որ նա է սպանել ՀՀ քաղաքացուն: Կարող է որոշակի քննչական գործողություններ են պետք կատարել, որից հետո հայտարարություններ անել»,- ասաց Ղահրամանյանը:
Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, որը հայտնել էր, որ ՀՀ սահմանը հատելիս մենակ չի եղել:
3 օր անց՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզում, հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, փոխանցվել ԱԱԾ-ին:
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հայտնել էր, որ հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մոտ գտել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակակետում սպանված 56-ամյա կապանցու հեռախոսը:
Ավելի վաղ էլ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող ԶՊՄԿ ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինիս սպանված էին գտել պահակակետում՝ հրազենի մի քանի հարված ստացած վիճակում:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն էլ՝ բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. Ադրբեջանի 2 քաղաքացիներին՝ Ագշին Բաբիրովին և Հուսեյն Ահլիմանի Ախունդովին, մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են: