Արցախը ո՛չ իրավաբանորեն, ո՛չ փաստացի երբեք չի եղել Ադրբեջանի կազմում․ ՀՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի  հայտարարության մեջ։

 

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը  ի արձագանք Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ-ում հնչեցրած մոտեցումների, այն է.

 

«Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»:

 

Հայտարարում է՝

 

1. Հայաստանի Հանրապետությունն երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ և երբեք նրա տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի դրել:

 

2. Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում այդ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ստեղծվել են 2 պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

 

3. «Պետական անկախության մասին» Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրական ակտով Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:

 

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե իրավական առումով, թե փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել:

 

5. 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, որը ՝

 

• պարունակում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին դրույթ:

 

• ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

 

• չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետության սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններում ճանաչելու համար:

 

6. Տարածքային ամբողջականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջարկված, բազմիցս արձանագրված հիմնարար սկզբունքներից մեկն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հետ մեկտեղ, այն ինչ այս ընթացքում, միջազգային հանրության կողմից առաջարկված խաղաղ կարգավորման գործընթացը ոտնահարվել է՝

 

• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառմամբ՝ 44-օրյա պատերազմով:

 

• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ:

 

• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսմամբ՝ ներկայիս բանակցային գործընթացում:

 

7. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելը անթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք:

 

Ուստի Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման, իրացման և ընթացող բանակցություններում փաստաթղթավորված բովանդակությամբ արտահայտվելու հրամայականին»: