Եթե իմ պաշտոնանկության գործընթացը սկսեն, դա լինելու է քաղաքական քայլ. Թագուհի Թովմասյան

Այդ օրը ՔՊ խմբակցությունը պլանավորված, պայմանավորված եկել էին, որ գտնեին որեւէ խնդիր, որեւէ թերություն եւ բարձրացնեին իմ պաշտոնանկության հարցը:  Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

 

Հիշեցնենք, որ  ՄԻՊ թեկնածու ընտրելու հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն ասել էր, որ մտադիր է Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության հարցով նախաձեռնություն սկսել: Թագուհի Թովմասյանը մեկնաբանել է.

 

«Ես ուրախ եմ, թող սկսեն այդ գործընթացը: Ես տեսանյութ եմ պատրաստել, շուտով կհրապարակեմ, որ ՔՊ-ից 4 պատգամավոր ինչպես են ինձ դեռ նիստը չսկսված կամ նիստի ընթացքում մեղադրում, որ ես հանձնաժողովի նիստը չեմ կարողանում վարել: Բոլորը բղավում էին ու ինձ ասում՝ չես կարողանում վարել: Բա որ բոլորով բղավում եք, ես որ մեկիդ բերանը պետք է փակեմ:

 

Որեւէ հիմք չկա պաշտոնանկություն սկսելու համար, դա լինելու է քաղաքական քայլ, եթե նման բան իրականացնեն: Միայն ես եմ, որ ընդդիմությունից ունեմ հանձնաժողովի նախագահի պաշտոն եւ իրենք խնդիր են դրել, որ ինձնից էլ ազատվեն: Տեսնենք՝ ինչ կստացվի»:

Թագուհի Թովմասյանը նաեւ հավելեց, որ այդ նիստի ժամանակ ՔՊ-ականների փողոցային վարքագիծը նշանակում է, որ իշխող խմբակցությունը մարդու իրավունքներ ասելով նկատի ունի փողոցային ռազբորկայի վերածել  ցանկացած նիստ. «Ես այդ առումով մի առաջարկ ունեմ, թերեւս ճիշտ կլինի, որ Արթուր Հովհաննիսյանը վարի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, իդելական  դասավորություն կստացվի, քանի որ նա իդեալական տիրապետում է փողոցային վարքուկարգին»:

Քաղաքականություն