ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին». Ալեն Սիմոնյան

Հայաստանը 99 տոկոս դեպքերում իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին, խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանում է՝ ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին:

 

Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը:

 

«Ռուսական առաջարկները, որոնք մինչև օրս եղել են, մշտապես ընդունվել են ՀՀ-ի կողմից: Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը: Եվ կարծում եմ՝ նույն Խովաևի փաստաթղթի, նույն ռուսական բոլոր առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի կողմից արձագանքին, քանի որ 99 տոկոս դեպքերում Հայաստանը իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին: Եվ, ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին: Հայկական կողմի խղճին է թողնում, լավ, իսկ ի՞նչ արձագանք է եղել Ադրբեջանի կողմից»,-ասաց Սիմոնյանը:

Քաղաքականություն

Պատահարներ