Արցախը՝ սուր տնտեսական ճգնաժամի առջև․ MediaHub
2022 թվականն Արցախն ամփոփեց բլոկադայի մեջ։ Թշնամու կողմից դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակում է փակ պահվել Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչը թե՛ հումանիտար, թե՛ տնտեսական խնդիրներ է առաջացրել հայկական երկրորդ պետությունում։ Հումանիտար խնդիրների մասին բազմիցս խոսել ենք, մատնանշել, թե ինչի է հանգեցրել թշնամու կողմից Արցախի «կյանքի ճանապարհի» փակումը։ MediaHub.am-ը Արցախի Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից փորձել է հասկանալ, թե տնտեսական ինչ խնդիրներ են առաջ եկել։
Ստորև ներկայացնում ենք լրատվականի հարցազրույցից մի հատված․
«- Հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակումը՝ ի՞նչ տնտեսական խնդիրների առաջ է կանգնել Արցախը, և արդյո՞ք այս ամենն ազդեցություն կունենա 2023-ի տնտեսական աճի վրա։
- Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 3-ին, իսկ այնուհետև՝ 12-ից սկսած և մինչ օրս արգելափակված Լաչինի միջանցքն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, որի միջոցով ապահովվում էր սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության և այլ ապրանքների անխափան մատակարարումը, ծանր հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ, բնակչության անարգել տեղաշարժը, փոխադրումների կազմակերպումը և այլն: Միակ ճանապարհի արգելափակումը հսկայական վնասներ է հասցնում թե՛ բնակչության առօրյա կյանքին, թե՛ հանրապետությունում գործող կազմակերպությունների և բուժհիմնարկների բնականոն գործունեությանը: Ներկայումս մեծ խնդիրների հետ են բախվել Արցախի Հանրապետությունում գործող բոլոր կազմակերպությունները՝ կապված հումքի և նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, կանխիկ և անկանխիկ (առևտրի կետերում անհրաժեշտ սարքավորումների բացակայություն) դրամի շրջանառության հետ, որը կարող է հանգեցնել գործունեության դադարեցման անորոշ ժամկետով:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ստեղծված իրավիճակը 2023 թվականի տնտեսական աճի վրա, ապա կարող ենք ասել, որ դեռ վաղ է տալ որևէ հստակ գնահատական, թե ինչպես կփոխվի, ինչքան կտևի և ինչպիսի ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա: Շարունակական բնույթ կրելու դեպքում երկիրը կհայտնվի լուրջ տնտեսական ճգնաժամային իրավիճակում՝ հնարավորություն չունենալով բավարարել ընդհուպ մինչև Արցախի Հանրապետության բնակչության կարիքները:
- Իսկ Կաշենի հանքի փակումն ինչպե՞ս կազդի Արցախի տնտեսության վրա։
- «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության արդյունաբերության ճյուղի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որը մեծ դերակատարություն ունի Արցախի Հանրապետությունում ստեղծվող ավելացված արժեքի և տնտեսական աճի ապահովման գործում: Վերջինս տնտեսության մի շարք ոլորտներում հաջողությամբ իրականացրել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր: Հավելենք նաև, որ ընկերությունը, հանդիսանալով հարապետության ամենախոշոր հարկատուն, ապահովում է պետական բյուջեի հարկային եկամուտների գերակշիռ մասը:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Կաշենի հանքավայրի շահագործման դադարեցումն զգալիորեն կկրճատի պետական բյուջեի հարկային եկամուտները, ինչը լուրջ դժվարություններ կստեղծի թե´ ֆինանսական առումով, թե´ սոցիալ-տնտեսական կարևորագույն միջոցառումների անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու տեսանկյունից: Գործունեության դադարեցման բացասական հետևանքներից է աշխատատեղերի կրճատումը, որը կհանգեցնի գործազրկության մակարդակի բարձրացմանը՝ ստեղծելով լրացուցիչ սոցիալական լարվածություն:
- Արդյո՞ք ստեղծված իրավիճակը փոփոխություններ մտցրել է 2023 թվականի բյուջեի նախագծում։
- Դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որում իրավիճակով պայմանավորված փոփոխություններ չեն իրականացվել:
Արտակարգ իրավիճակներով պայմանավորված անհետաձգելի ծախսերը կիրականացվեն պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից»: