Ուկրաինացիները պատրաստ են երկու, երեք տարի ապրել առանց լույսի և ջերմության․ Զելենսկու կին

Ուկրաինայի բնակիչների մեծ մասը հայտարարել է, որ պատրաստ է ապրել առանց լույսի և ջերմության՝ հանուն ԵՄ անդամակցության, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան։

 

«Հարցվածների ավելի քան 90 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ է երկու-երեք տարի դիմանալ դրան, եթե տեսնեն մեր անդամակցության հեռանկարը Եվրամիությանը։ Նրանք ցանկանում են հավասար լինել այս եվրոպական ընտանիքում»,- իր տեսակետն է կիսել ուկրաինացի առաջնորդի կինը՝ անդրադառնալով վերջերս սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին։

 

Ուկրաինայի նախագահի կնոջ խոսքով՝ բնակչությունը պատրաստ է դիմանալ ներկա պայմաններին՝ հանուն արժանապատվության և իրեն սպասող ժողովրդավարական ընտանիքի։ Զելենսկայան նշել է, որ ուկրաինացիները լավատեսորեն են տրամադրված այս ամենի նկատմամբ։

 

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կիևի խանութներում հացամթերքով դարակները դատարկ են, հաճախորդները երկար հերթեր են կանգնել սնունդ գնելու համար։ Սուպերմարկետների աշխատակիցներն ասում են, որ Կիևում և տարածաշրջանում տեղի բնակիչները վաղ առավոտից արագ տեսակավորում են սնունդը։

Քաղաքականություն