Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեում թողեցին իրենց դեմ բռնություն գործադրած ոստիկանների նկարները

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեին են փոխանցել սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» իրենց հանդեպ բռնություն գործադրած ոստիկանների նկարները, դրանցից նաև փակցնելով քննչականի պատերին։ ՔԿ–ում կայացած հանդիպումից հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց զոհված զինծառայողներից մեկի մայրը` Ազգուշ Մարտիրոսյանը։

 

Հայտնել էինք, որ ծնողները ՔԿ մոտ են հավաքվել` պահանջելով, որ Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքի մեղավորները պատժվեն։ Սեպտեմբերի 21-ին զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սակայն ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։ Այդ դեպքով քրգործ էր հարուցվել։ Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով զոհվածների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

 

«Նկարները, որ ամրացրինք պատերին ու հանձնել ենք նրանց, նրանց իսկ գործը թեթևացնելու համար ենք արել, նրանց լեզվով ասած` նույնականացրել ենք, ինչը 2 ամիս է` իրենք չեն կարողանում անել»,–ասաց Մարտիրոսյանը։

 

Նա հայտնեց նաև, որ ժամանակ առ ժամանակ ՔԿ են գնալու, որպեսզի գործի ընթացքի մասին տեղեկանան։

 

Ծնողները հավելեցին` իրենց քննչական կոմիտեում ասել են, որ ողջամիտ ժամկետում հարուցված քրգործը նախաքննությունը կավարտվի։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները երեք օր առաջ կրկին ՔԿ էին գնացել, որտեղ նրանց ասել էին, որ հարուցված քրգործով որևէ ոստիկան չի հարցաքննվել, քանի որ նրանք չեն նույնականացվել։

Քաղաքականություն

Պատահարներ