Պաշտոնաթող նախագահներն և վարչապետերը կզրկվեն ցմահ պետական պահպանության տակ լինելուց․ Գրիգորյան

ԱԱԾ մարմիններից պետական  պահպանության ծառայությունն առանձնացնում ենք, դառնում է առանձին, վարչապետի ներքո գործող մարմին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

«Այս բարեփոխումը ընդհանուր անվտանգության ոլորտի բարեփոխումների շրջանակներում է: Կարեւոր կետերից մեկն այն է, որ նախկինում պաշտոնաթող նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո եւս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա:

 

Փաշինյանն էլ հավելեց, որ անհրաժեշտության դեպքում պաշտոնները թողնելուց հետո երկրի առաջին դեմքերի պետական պահպանության ծառայութունը կարող է երկարացվել:

 

Անդրադառնալով նրան, որ ՊՊԾ-ն անցնում է վարչապետի ենթակայության տակ, վարչապետը դա դրական գնահատեց՝ նշելով, որ դրանով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում կենտրոնանալ իր բուն գործառույթների վրա, որոնցից առաջինը հակահետախուզությունն է:

 

«Ուզում էի ասել գոհունակությամբ, բայց՝ ոչ այդքան գոհունակությամբ,  պետք է ասել, որ հակահետախուզության առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը:

 

Նա հավելեց, որ բացահայտումների մասին հասարակությունը իրազեկվում է և շատ ցավալի համարեց, որ նման երևույթներ կան:

Քաղաքականություն

Պատահարներ