2021 թ․-ի մայիսից ի վեր Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք․ փորձագետ
«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկվանից շրջանառվում է տեղեկատվություն, որ 2021թ-ի մայիսից ի վեր Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 127 քառակուսի կիլոմետր կամ 12.700 հեկտար տարածք։ Որպեսզի տեսանելի լինի, թե ինչի մասին է խոսքը, նշեմ, որ սա գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք է, կամ, ասենք, երկու անգամ մեծ է Սան Մարինո պետությունից, գրեթե հավասեր է Լիխտենշտեյն պետության տարածքին, ում հետ երբեմն Հայաստանը ֆուտբոլ է խաղում, մեկ-մեկ էլ ոչ ոքի ավարտում։
Սա 32 անգամ ավելի շատ է, քան 2016 թ․-ի ապրիլին կորցրել էինք հակառակորդին զգալի մարդկային կորուստներ հասցնելու գնով։ Եվ սա ՀՀ ինքնիշխան տարածքում է, այլ ոչ թե Արցախի շուրջ գտնվող անվտանգության գոտու, որը իբր «նախկինները» 90-ականներից սկսած մի 7 անգամ հանձնել էն, իսկ Ադրբեջանն այդպես էլ մինչև 2020թ-ը չվերցրեց։ Սա այն նույն տարածքում է, որը նույնիսկ դե ֆակտո իշխանությունների կողմից հաճախ շահարկվող 2010 թ․ վարչատարածքային բաժանման մասին օրենքով հստակ համարվում է ՀՀ ինքնիշխան տարածք»։






























