Իտալիայի առաջին կին վարչապետը հայտարարել է իր կաբինետի կազմը

Իտալիայում երկրի պատմության մեջ առաջին կինը՝ վարչապետ Ջորջա Մելոնին այսօր ընդունել է կառավարություն ձեւավորելու մանդատը։ Նոր կառավարության երդմնակալությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։

 

Ինչպես հայտնում է Kp.ru-ն, նա հայտարարել է իր կաբինետի կազմը։ Նշվում է, որ նախարարական պորտֆելների մեծ մասը բաժին է հասել նրա «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչներին։ Սակայն կառավարությունում պաշտոնների մի մասը բաժին է հասել «Լիգա» և «Առաջ, Իտալիա» կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք «Եղբայրներ»-ի հետ միասին հաղթել են սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում՝ աջ կենտրոնամետ կոալիցիայի կազմում։

 

Այժմ փոխվարչապետների պաշտոններ են ստացել «Լիգայի» առաջնորդ Մատեո Սալվինին և «Առաջ, Իտալիա»-ի փոխնախագահ, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Անտոնիո Տայանին։ Նրանցից առաջինը դարձել է ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար, երկրորդը ստացել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

 

Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է տեխնիկական մասնագետ՝ Հռոմի պրեֆեկտ Մատեո Պիանտեդոսին, իսկ Ջանկառլո Ջորջետտին կղեկավարի երկրի էկոնոմիկայի նախարարությունը։

 

Քաղաքականություն

Պատահարներ