ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ամբողջ գիշեր Եռաբլուրում ենք անցկացրել․ զոհված զինծառայողի հայր
Մենք ինչպես հայտարարել էինք, երեկ ժամը 23-ից «Եռաբլուրում» ենք գտնվում. մեր կոչին արձագանքել են բազմահազար քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրն է՝ Արա Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները որոշել էին գիշերել «Եռաբլուրում», որպեսզի առավոտյան թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մտնել «Եռաբլուր» պանթեոն:
«Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք անցկացրել, որեւէ սադրանք՝ չեղավ: Իրենք նախօրոք հայտարարել էին, որ չեն գալու՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ սադրանքների խուսափելու եւ լարվածությունը թուլացնելու համար: Եթե այդ ամենը գիտակցում էին, սեպտեմբերի 21-ին մենք մի քանի անգամ հորդորեցինք՝ մի մոտեցեք: Մոտ մի 50 ծնողի դիմաց բերել էին հազարից ավելի ոստիկաններ: Մենք իրենց հորդորեցինք մի մոտեցեք եւ մի արեք այդ արարողությունը, բայց իրենք չլսեցին: Մենք տեսանք, թե ինչ եղավ: Հիմա տեսնելով, որ մեր կոչով բազմահազար մարդիկ եկան այստեղ, արդեն իրենք խուսափեցին»,-ասաց նա:
Արա Ռոստոմյանի խոսքով, երեւի իրենք ուզում էին ասել՝ մեր դեմ փակ դռներ չկան՝ առանց գիտակցելու, որ ծնողների վրայով անցնելը փակ դուռ չէ: