ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանի հետ սահմանին նկատվել է ռուսական զրահափոխադրիչ. ինչ է ասում սահմանային ծառայությունը
Վրաստանի հետ սահմանին ականատեսները նկատել են ռուսական զրահափոխադրիչ` Վերին Լարսի անցակետում: Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները` տարածելով լուսանկարներ և տեսանյութեր:
Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում ռուս զինվորականները ժամանել են զրահափոխադրիչով։ Նրանք պատրաստվում են արգելք դնել: Նաև, ըստ տեղեկությունների, Վերին Լարսի անցակետում ռուս տղամարդկանց արդեն սկսել են մերժել երկրից դուրս գալու թույլտվությունը։
Օսեթիայի սահմանային ծառայությունը РБК-ի հետ զրույցում հայտնել է.
«Զրահափոխադրիչը շարժվում է այնտեղ, բայց չի շարժվում անցակետ տեղադրելու համար, դա, կոպիտ ասած, ռեզերվ է միայն այն դեպքում, եթե պահեստազորը ցանկանա ճեղքել անցակետը և առանց սահմանային որևէ ձևակերպում իրականացնելու հեռանալ երկրից։ Միայն այս նպատակով: Անցակետեր չեն տեղադրվի... Անցակետն աշխատում է սովորական ռեժիմով, զինվորական տարիքի արական սեռի քաղաքացիների ելքի սահմանափակումներ չեն մտցվել», - РБК-ին հայտնել են Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության սահմանային ծառայությունից: