ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր լաստանավը առայժմ կաշխատիի Փոթիի նավահանգստով․ Քերոբյան

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում լրագրողները Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ իր ղեկավարած գերատեսչության խոստումը, թե օգոստոսից ՀՀ տարածքից արտահանման և ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման ծառայություն կգործի, ո՞ր փուլում է։

 

«Հիմա վերջնական աշխատանքներն ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը։ Կարծում եմ, դա օրերի հարց է»,- վստահեցրեց Քերոբյանը։

 

Բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատորը, որը հոլանդական ընկերություն է, համաձայնե՞լ է արդյոք Հայաստանը ռուսական պատժամիջոցներից դուրս դիտարկել այս գործընթացում և շահագործման թույլտվություն տալ, փորձեցին հստակեցնել ԶԼՄ ներկայացուցիչները։ 

 

«Ես արդեն բավականին մանրամասն ասացի։ Սպասենք 1-2 օր, մի քանի օր սպասենք, և վստահ եմ, որ արդյունքը կլինի»,- ասաց Քերոբյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ դա հեշտ հարց չէ։

 

«Դա հեշտ հարց չէ, մանավանդ, որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով և ճնշմամբ, բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը, հուսով եմ, շատ շուտով իր արդյունքը կտա»,- պատասխանեց Էկոնոմիկայի նախարարը։

 

Նա հավելեց, որ այժմ դիտարկվում է միայն Փոթիի նավահանգստով լաստանավային բեռնափոխադրումներ իրականացնելու տարբերակը։

Քաղաքականություն