ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք երիտասարդներին զսպում ենք, որ նոր արյուն չթափվի․ եզդիների հոգևոր առաջնորդը դիմեց Փաշինյանին
Ես ուզում եմ Հայաստանի իշխանությանը տեղյակ պահել, որ Շամիրամ գյուղում 5 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մնացել է անպատիժ, իսկ ՀՀ դատական համակարգը մատնվել է անգործության, որոշում չի տալիս այս սպանությանը, որը փաստացի ապացուցված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Շամիրամ համայնքի եզդիների հոգեւոր առաջնորդ Բրո Հասանյանը:
«Մենք չենք հասկանում Հայաստանի իշխանության դիրքը, չէ որ Հայաստանն իրավական երկիր է: 5 տարի առաջ այս գերեզմանոցում տեղի ունեցավ ոճրագործություն, մասսայական սպանություն: Սպանվեցին մարդիկ, որոնք անմեղ զոհեր էին, եւ ՀՀ դատական համակարգը, դատախազությունը, անգործության են մատնվել:
Մենք պահանջում ենք Հայաստանի վարչապետից, դատախազից, դատական բոլոր մարմիններից, պարտավոր են այս հարցին ժամանակին լուծում տան, թե՞ սպասում են նոր ոճրագործություն լինի:
Մենք պահանջում ենք, որ դատախազությունը գնա այն քայլերին, որպեսզի մահացածների երեխաները, որոնք արդեն 18-20 տարեկան են, չգնան վրեժխնդրության: Նոր արյո՞ւն թափվի, նոր մարդի՞կ զոհվեն, դրա՞ն են սպասում: Ես որպես այս համայնքի շեյխ ու հոգեւոր առաջնորդ, խնդրել եմ համայնքին, որ տղաներին թույլ չտան գնալ կտրուկ որոշումների: Մենք սպասում ենք, որ վարչապետը անմիջապես զբաղվի այս հարցով եւ պատասխանի մեզ»,-ասաց նա:
Իր հերթին գյուղի բնակիչներից մեկն ասաց. «Մենք էս երկրից, էս ղեկավարությունից պահանջում ենք, որ մեր հարցերին լուծում տա. տղերք ունենք, արյուն կթափենք, մենք էլ զենք կարանք օգտագործենք ամեն ձեւի: 5 տարի է մուկն ու կատու են խաղում: Սաղ տունս, ընտանիքս քանդեցին, եթիմ թողեցին, սաղի գլուխը հլը կախ է: Մեր հարցերն ո՞վ պետք է լուծի: Ում դիմում ենք, ինչ թուղ ուղարկում ենք, չի անցնում: Ասում են՝ գործը գնում է, բայց գործը ո՞ւր է գնում:
Մենք իրենց տեղը քար-քար գիտենք, արյո՞ւն թափենք: Թող մեր հարցին լուծում տան, եթե չէ, մենք ինքնասիրություն ունենք, տղամարդ ենք, մենք կանենք»:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 5 տարի առաջ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին, առանձնապես ծանր հանցագործություն է տեղի ունեցել։ Համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, որտեղ եզդիներն այդ օրը մասնակցում էին իրենց՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քալաշյանն ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ։
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
Շուրջ 24 օր անց հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել և կալանավորվել է։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։