ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համայնքային բյուջեն զրկվել է մեծ գումարներից․ ի՞նչ խնդիր կա ձկնաբուծարանների հետ

Արարատի մարզում ամենամեծ թվով ձկնաբուծարանները Մասիս համայնքում միավորված բնակավայրերում են՝ Հովտաշատ, Սիս, Սիփանիկ, Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա, Ռանչպար, Նորամարգ և այլն: Մասիս համայնքի ավագանին 2022թ․ տարեսկզբից մինչև հուլիս ամիսը հողի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ 38 որոշում է ընդունել, որից միայն երեքն են վերաբերում ձկնաբուծարաններին։ Հողի նշանակությունը փոփոխելու համար դիմում են հիմնականում ջերմոցային, սառնարանային, այնուհետև չորանոց, անասնագոմ, հասարակական և բնակելի շինություններն  օրինականացնելու կամ նորը կառուցելու համար։ Այս մասին գրում է Hetq.am-ը։ 

 

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հայտնել է, որ նշված գյուղերում 2020-21թթ․-ին կատարված հողամասերի փոփոխություններին և ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու վերաբերյալ տեղեկատվությանը չեն տիրապետում։ Մասիսի ավագանու որոշումով՝ 2022թ․-ին ձկնաբուծական լճակ կառուցելու համար գյուղատնտեսական նշանակության հողերից արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության են փոխել՝

 

  • «Ֆուդ Էքս» ՍՊԸ-ի՝ Սիս գյուղում գտնվող 1,75359 հա հողատարածքը,
  • Հրանտ Գուլանյանի՝ Ռանչպար գյուղում գտնվող 4,51 հա հողատարածքը,
  • Արտյոմ Թորոսյանի՝ Դարբնիկ գյուղում գտնվող 5275 հահողատարածքը։
  •  

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2020թ․-ին Արարատի մարզում ձկնաբուծարաններ կառուցելու համար հողի նշանակությունը գյուղատնտեսականից արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության փոխելու մեկ դեպք է գրանցվել՝ Սիս համայնքում ջրային նշանակության լճերի է փոխվել 10․7587 հա հողատարածք։

 

2021թ․-ին Արարատի մարզում հողի նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության փոխելու երկու գրանցում է կատարվել Կադաստրում՝ Սիս համայնքում ջրային նշանակության լճերի է փոխվել 4․3 հա հողատարածք, Նորամարգ գյուղում՝ 0,0455 հա հողատարածք։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2020թ․-ին Արմավիրի մարզում հողատարածքներ չեն փոխվել ջրային նշանակության։ 2021թ․-ին՝ ջրային նշանակության հողերի է փոխվել 1,5197 հա հողատարածք Ծիածան գյուղում, 0,47176 հա հողատարածք էլ՝ Արևադաշտ գյուղում։

 

Արմավիրի մարզում ձկնաբուծարանները կենտրոնացված են Գայ, Գրիբայեդով, Ջրառատ, Լուսագյուղ, Արաքս, Ապագա, Ակնաշեն, Հայկաշեն և Ջրարբի գյուղերում։  2021թ․-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով այս գյուղերը միավորվել են Արաքս համայնքում։ Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2020-22թթ․-ին համայնքի բնակավայրերում հողերի փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել, ըստ որի՝ ոչ մի ձկնաբուծարան հողի նշանակությունը չի փոխել, այլ կերպ ասած՝ ձկնաբուծարանի գործունեությունը չի օրինականացրել։

 

Հրապարակումների նպատակն էր՝ ցույց տալ, թե յուրաքանչյուր համայնքում հազարավոր հեկտար հողատարածքներ զբաղեցնող ձկնաբուծարանների հողի նշանակությունը չփոխելով, ինքնակամ կառուցված լճակներն ու շինությունները չօրինականացնելով ինչ վնասներ են պատճառվում համայնքներին։ Մեծ թվով ձկնաբուծարաններ, որոնց կառուցումը սկսվել է ավելի քան 15 տարի առաջ, մինչ օրս անօրինական գործունեություն են իրականացնում՝ շարունակելով անվճար սպառել համայնքների հողային և ջրային ողջ ռեսուրսը։

 

Մանրամասները՝ տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում․ 

 

Քաղաքականություն