ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոստային առաքանիներում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օրերս Քննչական կոմիտեում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաքանիներում առկա են մաքսանենգ ճանապարհով ներմուծված թմրամիջոցներ:
«Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն` հիշյալ առաքանիները նույնականացնելու և դրանցով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծված թմրամիջոցները հայտնաբերելու նպատակով:
«Զվարթնոց» օդանավակայանի «կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված 2 առաքանի: Արդյունքում առաքանիներից մեկի մեջ առկա տպիչ սարքի ներքին հատվածներից հայտնաբերվել են 333 գրամ «մեթամֆետամին» և 37 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Երկրորդ առաքանու միջի տպիչ սարքի ներքին հատվածից ևս հայտնաբերվել են 112 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 53 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Ընդհանուր առմամբ, վերոնշյալ 2 առաքանիների միջից հայտնաբերվել են 445 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի և 90 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ:
Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները, ինչպես նաև առաքանիներում հայտնաբերված իրերն ու առարկաները ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են Քննչական կոմիտեի համապատասխան վարչություն` հետագա վարութային գործողություններն իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: