
Հռոմի պապը պատրաստվում է հրաժարվե՞լ գահից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերքել է լուրը, թե առաջիկայում պատրաստվում է հրաժարվել գահից։ Տեղեկությունը հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ օգոստոսի միջոցառումները, այդ թվում` առաքելական նոր սահմանադրությունը քննարկելու համար կարդինալների հետ հանդիպումները, նոր կարդինալների կարգման արարողությունը և իտալական Լ'Աքվիլա քաղաք նախատեսված այցելությունը կարող են հրաժարականի հայտարարության նախանշան լինել։
Ինչպես նշում է գործակալությունը, Լ'Աքվիլան ասոցացվում է Կելեստինոս V–ի հետ, որը գահը թողել էր 1294 թվականին։ Բենեդիկտոս XVI–ն առաջին պապն էր, որ 600 տարվա ընթացքում այդ քաղաք այցելեց 2013 թվականին` պաշտոնանկությունից 4 տարի առաջ։
«Բոլոր այս համընկնումները ոմանց ստիպել են մտածել, որ նույն պատմությունն է լինելու։ Բայց իմ մտքով նման բան երբեք չի անցել։ Այս պահին` ոչ։ Իսկապես»,– ընդգծել է Ֆրանցիսկոս պապը։
Նա պալատական բամբասանք է անվանել նաև այն լուրերը, թե մեկ տարի առաջ հաստ աղիքի մի մասը վիրահատելիս նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել։
«Վիրահատությունը շատ հաջող է անցել», – նշել է Հռոմի պապը և կատակել, որ ենթադրյալ քաղցկեղի մասին իրեն ոչինչ չեն ասել։