ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհրդարանում երեկ իշխանական թևից ովքեր ծափ չէին տալիս
Ինչպես երեկ հայտնել էինք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը առանց միջադեպերի չանցավ։ Аrmdaily-ն անդրադարձել է ԱԺ երեկվա նիստի ընդդիմադիրների դահլիճը լքելու և իշխանականների ծափահարությունների տեսարանին և առանձնացրել, թե Խորհրդարանում երեկ ովքեր ծափ չէին տալիս:
Հիշեցնենք, որ երեկ պատգամավորը Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը, սակայն ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը մոտեցան ամբիոնի մոտ կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու սկսեցին խոսել նրա հետ։ Այդ ընթացքում ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորներ սկսեցին վանկարկել «Հայաստան»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հեռացող ընդդիմադիր պատգամավորներին ասաց. «Գնացե՛ք, գնացե՛ք 30-40 հազար մարդկանց մոտ»։
Լրատվականը հայտնում է, որ այս ողջ ընթացքում իշխանական պատգամավորներն ու նախարարները հոտնկայս ծափ էին տալիս, բայց բոլորը չէ, որ իրենց լոյալությունն էին արտահայտում իշխանությանը։ Ինչպես երևում է տեսագրությունում, ՔՊ-ական պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Լենա Նազարյանը, Զարուհի Բաթոյանը, օրինակ, պարզապես հետևում էին դեպքերի զարգացմանը։
Իրենց զուսպ էին պահում նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Հակառակ իրենց գործընկերների բավականին ակտիվորեն ծափահարում էին և իրենց աջակցությունն էին հայտնում վարչապետին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը։
Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջ ընթացքում բազմանշանակ ժպտում էր։