
Դեբեդից փրկված երեխայի համար ընտանիք են «փնտրում»

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն այս պահին ուսումնասիրում է Դեբեդից դուրս բերված երեխայի հարազատների շրջանակը, որի արդյունքում կորոշվի փոքրիկ Արևի հետագա ճակատագիրը: Տեղեկությունը հրապարակվել է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ բաժնի մասնագետները տեսակցել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 տարեկան Արևիկին:
ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը հայտնել են` երեխայի վիճակը կայունացել է, կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Նրանց խոսքով` հիվանդանոցը փոքրիկին կպահի այնքան, որքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի գործընթացները կազմակերպելու համար:
Հիշեցնենք` ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ մայրն իր երեխային նետել է Դեբեդ գետը։ Աղջնակին մի տղամարդ էր դուրս բերել գետից և տեղափոխել ԲԿ (ավելի ուշ ԱԻ նախարարը պարգևատրեց նրան)։ Երեխայի մայրը ձերբակալվել էր։