Զախարովան կոչ է արել չկենտրոնանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների տեղի վրա

Մոսկվան ամենակարևորը համարում է ռուս-ուկրաինական բանակցությունների վարման փաստը, իսկ երկու պատվիրակությունների հանդիպման վայրի հարցը սկզբունքային նշանակություն չունի։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

 

«Այնուամենայնիվ, ես չէի կենտրոնանա բանակցությունների անցկացման վայրի վրա, պետք է խոստովանեք, որ դա գլխավորը չէ», - նշել է դիվանագետը։

 

Զախարովան նշել է, որ իրենց համար կարևոր է բանակցություններ վարելու փաստը։ 

 

Զախարովան հավելել է, որ Մոսկվան ի սկզբանե բազմաթիվ պահանջներ է լսել Կիևից, նաև պայմաններ այդ թվում՝ բանակցությունների աշխարհագրության առումով։ 

«Մենք նման խնդիրներ չենք ունեցել, հետևաբար, եթե դա որևէ մեկի համար սկզբունքային նշանակություն ունի, ապա, հավանաբար, ուկրաինացի բանակցողների համար, բայց սա նաև նրանց հարցն է»,- հավելել է նա։

 

Դիվանագետի խոսքով՝ Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան խորհուրդ տալուց, որ Մոսկվան հրաժարվի Կիևի պահանջներից։