
Ռուսաստանը դեէսկալացիայի համար երկու քայլ է անում Ուկրաինային ընդառաջ․ Մեդինսկի

Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ավարտեցին դեմ առ դեմ բանակցությունների փուլը, դրանք կառուցողական էին։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինական կողմի հետ բանակցություններն ավարտվել են, բանակցությունները կառուցողական են եղել»,- ասել է նա։
Ինչպես հայտարարել է Մեդինսկին, Ռուսաստանը երկու քայլ է անում Ուկրաինայի ուղղությամբ՝ դեէսկալացիայի համար։
«Իմ կողմից կարող եմ ասել, որ մենք նույնպես երկու քայլ ենք անում հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ»,- նշել է նա։
Մեդինսկին բացատրեց, որ այդ քայլերը վերաբերում են քաղաքական և ռազմական հատվածներին։
Մեդինսկիի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ստացել է ուկրաինական կողմից հստակ ձևակերպված դիրքորոշում և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն և կներկայացվեն երկրի ղեկավարության ուշադրությանը։
«Մենք Ուկրաինայից ստացել ենք քննարկման առաջարկներ՝ նրանց ձևակերպված դիրքորոշումը պայմանագրի մեջ ներառվելու վերաբերյալ: Այդ առաջարկները կքննարկվեն մոտ ապագայում և կներկայացվեն նախագահին: Եվ մեր պատասխանը կտրվի։ Եթե պայմանագիրն արագ աշխատի և փոխզիջում գտնվի, ապա խաղաղության հաստատման հնարավորությունը ավելի կմոտենա»,- ասել է Մեդինսկին։