Հասարակություն

Առեղծվածային բանալիները դեռևս Դատական դեպարտամենտ չեն հասել. համակարգում խափանում կա

Առեղծվածային բանալիները դեռևս Դատական դեպարտամենտ չեն հասել. համակարգում խափանում կա

Դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի առեղծվածային բանալիները դեռևս Դատական դեպարտամենտ չեն հասել։ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ 21.03.2022 թվականի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել: 

«Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ՝ Դատական դեպարտամենտն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում համակարգի վերագործարկման նպատակով: 
Գործընթացի վերաբերյալ թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն ավելի մանրամասն տեղեկություն այս պահի դրությամբ տրամադրել չեն կարող:  Հավաստիացնում ենք, որ մեր լիազորությունների շրջանակում ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ դատական գործերի մակագրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հնարավորությունն օր առաջ վերսկսելու համար»,- նշված է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։ 

Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ 

«Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։ Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը։ 

Դատախազի խորհրդականի գրառմանն արձագանքել է Դատական դեպարտամենտը՝ պնդելով, թե առգրավված բանալիները չեն վերադարձվել, իսկ Դեպարտամենտի կողմից հերքում տարածելուց հետո Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթը՝ վերահաստատելով իր կողմից պնդումը, որ բանալիները վերադարձվել են դեպարտամենտին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250