Նիկոլ Փաշինյա՞նն է ոստիկաններին զանգում և ասում, որ իրեն վիրավորել են. լրագրողը՝ փոխոստիկանապետին

Ոստիկանությունը որևէ ծառայություն կամ «սերվիս» չի մատուցում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են որոշում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ասած որ խոսքի համար պետք է անձի դեմ քրգործ հարուցեն, արդյո՞ք հատուկ նման խումբ կա, որը հետևում է այս ամենին։

 

«2021-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով 268 հանցագործության դեպք է գրանցվել։ Դրանցից 17-ը դատարան է ուղարկվել, 101-ն ընթացքի մեջ է, իսկ մնացածները կարճվել կամ կասեցվել են։ 20 դեպք պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։ Իսկ այս տարվա ընթացքում մինչև մարտի 17-ը նույն հոդվածի հատկանիշներով 240 հանցագործության դեպք է գրանցվել, որից 4-ն արդեն դատարանում է, իսկ 48-ն ընթացքի մեջ է, մնացածները կարճվել կամ կասեցվել են»,–ասաց Ֆիդանյանը։

 

Լրագրողներն արձանագրեցին, որ գործերը մեծամասամբ վերաբերում են Նիկոլ Փաշինյանին, օրինակ, ընդդիմադիր գործիչների կամ հասարակ քաղաքացիների վերաբերյալ քրեական գործերը փոքր մաս են կազմում կամ չկան։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում, արդյո՞ք Փաշինյանն ինքն է ոստիկաններին զանգում և հայտնում, որ իրեն վիրավորել են, ինչու է ոստիկանությունն ուսումնասիրում հենց Նիկոլ Փաշինյանի հասցեին արված արտահայտությունները ։

 

Ինչ վերաբերում է ընթացակարգին, թե ինչպե՞ս են որոշում, որ պետք է դատի տան որևէ մեկին` Փաշինյանին վիրավորելու համար, Ֆիդանյանը նշեց, որ յուրաքանչյուր անձ, որին ուղղված է եղել տվյալ հանցագործությունը, անձամբ կարող է դիմել ոստիկանություն։ Բացի այդ, ոստիկանությունն է ուսումնասիրություններ կատարում, և ուսումնասիրության առարկա կարող են դառնալ ԶԼՄ-ներում տեղ գտած ինֆորմացիան։

 

Հիշեցնենք, որ նախորդ ամիս, օրինակ, դատախազությունը հայտնել էր` Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 000 դրամով։ Իսկ 2021-ին եղան դեպքեր, որ Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ հարուցեցին Facebook-ում Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։

Քաղաքականություն