Հայաստանից Արցախ գնացող գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Հայաստանից Արցախ գնացող գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի»,–ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր բաժանորդներին հորդորում են պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա:

Հիշեցնենք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։

Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցություններիշնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

Քաղաքականություն