
Աննախադեպ վիրահատություն. կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով️

2021 թվականի հունիսի 4-ին ավտովթարից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 8-ամյա աղջնակ՝ գանգուղեղային բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր սալջարդով, կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացմամբ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներով, թոքերի սալջարդով ու այլ ուղեցող վնասվածքներով:
Գանգուղաղային վնասվածքը բուժվել է վիրահատական եղանակով, երեխան դուրս է գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։ Երեխայի ընհանուր վիճակի բարելավումից հետո՝ տրավմայից մոտ 8 ամիս անց, գանգի դեֆեկտը փակելու նպատակով Հայաստանում առաջին անգամ կիրառվել է չափերի մեծացման հնարավորութուն ունեցող տիտանե կոնստրուկցիա, այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Տիտանե կոնստրուկցիան պատրաստված է ինդիվիդուալ` ելնելով նախավիրահատական ԿՏ քննությամբ ստացված դեֆեկտի չափերից, ձևից և գանգի սպասվող կոնտուրներից: Կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների:
«Այսպիսով՝ կոնստրուկցիան ապահովելու է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից, վերականգնելու է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտելու դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին:
Տիտանե կոնստրուկցիան պատրաստել է Digital Diagnostic Center-ը: Երեխայի համար այն տրամադրվել է որպես նվիրատվություն», - նշել է ԲԿ-ի խոսնակը։