Ռուսաստանի ՊՆ-ն ապացույցներ է ներկայացրել Ուկրաինայում ռազմական կենսաբանական նախագծերի վերաբերյալ

Ռուսաստանում հայտնել են, թե Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրիչներ են ստեղծվել։  Ինչպես գրում է ТАСС-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը: 

 

«Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի տարածքում ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ»,- ասել է Կիրիլովը։

 

Նա ներկայացրել է 2015 թ-ի մարտի 6-ի փաստաթուղթ, որն իր պնդմամբ, «հաստատում է Պենտագոնի անմիջական մասնակցությունն Ուկրաինայում ռազմակենսաբանական նախագծերի ֆինանսավորմանը»։

 

Կիրիլովը նշել է, որ «սահմանված պրակտիկայի համաձայն՝ երրորդ երկրների տարածքում, ներառյալ Աֆրիկայում և Ասիայում, սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում ամերիկյան նախագծերը ֆինանսավորվում են ազգային առողջապահական մարմինների միջոցով»:

 

«Պատահական չէ, որ այս կենսալաբորատորիաներն ընտրվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գրասենյակի (DTRA) և կապալառու Black and Witch-ի կողմից՝ որպես UP-8 նախագծի կատարողներ, որոնք ուղղված են Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի՝ լեպտոսպիրոզի հարուցիչների և հանտավիրուսի ուսումնասիրմանը»,- ասել է Կիրիլովը։

 

Իր խոսքով՝ ԱՄՆ ռազմական կենսաբանների հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այդ հարուցիչները բնական օջախներ ունեն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում։ «Դրանց օգտագործումը կարող է քողարկվել որպես հիվանդությունների բնական բռնկումներ: Այդ իսկ պատճառով այս նախագիծը լրացուցիչ ֆինանսավորում ստացավ, և դրա իրականացման ժամկետները երկարաձգվեցին»,- ասել է Կիրիլովը։

 

Կիրիլովը նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության լաբորատորիաները Կիևում, Օդեսայում, Լվովում և Խարկովում $32 մլն ֆինանսավորում են ստացել ԱՄՆ-ից։
 

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն արգելում է այլ երկրներում ռազմակենսաբանական աշխատանքի մասին տվյալների հրապարակումը, իսկ ուկրաինական լաբորատորիաները «շարունակում են ոչնչացնել կենսանյութերն ու վտանգավոր վարակների հետազոտության մասին փաստաթղթերը»։

 

Բացի դա, Ռուսաստանի ԶՈւ-ն պնդում է, որ փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են Ուկրաինայից երրորդ երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Վրաստան, կենսաբանական նմուշների փոխանցումը։

 

Քաղաքականություն