
ԲԴԽ-ին դուր չի եկել Բախշիյանի գործով ՄԻՊ-ի բարձրաձայնած մտահոգությունները ու արձանագրած խախտումները

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումների շուրջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, գնահատականը դուր չի եկել ԲԴԽ-ին։
Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդումներ են իրականացվում՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև դատախազությունը չէր բողոքարկել դատական ակտը և դրա «գոյության» մասին հիշել է միայն այն բանից հետո, երբ դատավորը որոշել է գրավ կիրառել Աշոտ Մինասյանի նկատմամբ։
Դատավորների միության խորհուրդը, դատական իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն արդեն իրենց մտահոգություններն են հայտնել՝ դատավորի նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրականացված ուսումնասիրությունների և դատավորի հետ առանձնազրույցների հիման վրա փաստարկված դիրքորոշում է հայտնել՝ ներկայացնելով խախտումները և արձանագրելով, որ խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները։
ՄԻՊ-ի գնահատականները դուր չեն եկել ԲԴԽ-ին, ինչի վերաբերյալ էլ ԲԴԽ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որն էլ ներկայացնում ենք ստորև.
«Բարձրագույն դատական խորհուրդը ծանոթանալով 2022 թվականի փետրվարի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հրապարակած հայտարարությանը՝ դրա մի շարք դրույթների կապակցությամբ տեղին է համարում նշել, որ խնդրահարույց են հայտարարության մեջ պարունակվող մի շարք դատողություններ, որոնք վերաբերում են ՀՀ դատարաններում քննվող և հետագայում հնարավոր քննության առարկա հանդիսացող քրեական գործի հանգամանքներին և դրանց գնահատմանը:
Խորհուրդը անընդունելի է համարում այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը իր հայտարարության մեջ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդին և վերջինիս գործունեությանը, հարկ չի համարել գործի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար ստանալ Խորհրդի դիքորոշումը։
Կոնկրետ քրեական գործով միայն շահագրգիռ՝ պաշտպանական կողմի մոտեցումների վերարտադրման արդյունքում կատարված եզրակացությունները որպես սահմանադրական մարմնի դիրքորոշում ներկայացնելը անուղղակի միջամտություն է դատական իշխանության անկախությանը։
Գտնում ենք, որ պարոն Թաթոյանի նման գործելակերպը չի կարող նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի, որպես սահմանադրական մարմնի անաչառության և օբյեկտիվության ապահովմանը և կոչ ենք անում վերջինիս չձեռնարկել քայլեր, որոնք կարող են դիտվել որպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական իշխանության գործունեությանը միջամտություն»։