
Հայհոյանքը պետք է արգելված լինի Հայաստանում. Վարդանյան

Հայհոյանքը պետք է արգելված լինի Հայաստանում։ Այս մասին ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Freedom House»-ի հայտարությանը։
«Հայհոյանքը որպես բարոյական նորմ արգելված է եղել Հայաստանում, արգելված կա և հուսամ՝ արգելված կմնա։ Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես դուրս պետք է մնա հանրային դիսկուրսից»,-ասաց նա։
Վլադիմիր Վարդանյանի դիտարկամբ՝ հայհոյանքների առումով սոցիալական ցանցում ձևավորված դաշտը կարող է հանգեցնել կրիմինոգեն երևույթների։ Նա նշեց, որ հայհոյանքը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ հայհոյանքը խոսքի ազատության սահմանափակման այն իրավաչափ դեպքերից է, երբ նույնիսկ ՄԻԵԴ-ը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրելու:
«Ես չեմ խոսում վիրավորանքի այլ դրսևորումներից, ես խոսում եմ հայհոյանքից, գիտեք, որ օրենքի ընդունման նպատակը հայհոյանքների հետ իրավիճակը շտկելն է»,-շեշտեց նա։
Հիշեցենք, որ «Freedom House»-ը մտահոգություն էր հայտնել Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերի առթիվ։ Իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։