Ոչ մի բացատրություն չեմ կարողանում գտնել․ ինչ է պատմում Էդիկ Բաղդասարյանը

Ինչո՞ւ ենք մենք այսպիսին. ոչ մի բացատրություն չեմ կարողանում գտնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Hetq պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ 

 

«Արդեն կարողացել ենք պարզել, որ Արցախի Շեխեր գյուղի երկու քաղաքացու՝ Արարատ Ղուլյանի և Հմայակ Միրզոյանի աճյունները գտնվում են մորգերից մեկում, թե որտեղ՝ դեռ չենք պարզել: Նրանց դիակները 2020 թվականի դեկտեմբերի 20-ին որոնողները հայտնաբերել են գյուղում, աճյունները հետո տեղափոխվել են: Չնայած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մեջ նշված է, որ Հմայակ Միրզոյանի դիակի նույնականացումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից, սակայն համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի տեսել դիակը, և չի եղել նույնականացում: Արարատ Ղուլյանի մորից երկու անգամ ԴՆԹ-ի համար արյուն են վերցրել: Մի անգամ արյուն են վերցրել Հմայակ Միրզոյանի դուստրերից մեկից: Նրանց որևէ մեկը դրանից հետո որեւէ բան չի ասել: Չգիտեմ՝ Առողջապահության նախարարությունը, Քննչական կոմիտեն կորցրե՞լ են թղթերը, պատասխանները ինչ-որ տե՞ղ են դրել: Պետական կառույցներն ինչու են այդպես աշխատում, որոնք են պատճառները: Եվ անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում: Ես համոզված եմ, որ նման բազմաթիվ պատմություններ կան անհետ կորածների մասով: Ու չգիտենք՝ ինչ անել, այդ թղթերը հասանելի չեն, այդ կառույցներ հնարավոր չէ մտնել՝ պարզելու, թե որ մորգում են այդ երկու խաղաղ բնակիչների աճյունները: Նայե՛ք այդ մարդկանց գործերը, ստուգե՛ք տվյալները, նույնականացրե՛ք նրանց աճյունները և տվե՛ք հարազատներին հուղարկավորելու համար»,-գրել է լրագրողը:
 

Քաղաքականություն