ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել. Auroranews-ի ահազանգն անպատասխան չմնաց

Քիչ առաջ Auroranews-ը զանգ ստացավ պայմանագրային զինծառայողներից։

 

«Շնորհակալ ենք, որ  խոսեցիք մեր խնդրի մասին։ Արդյունքն արդեն տեսանք։ Այսօր արդեն մեզ գումար է փոխանցվել, 60.000-ական դրամներ ենք ստացել»,- ասաց մեզ ահազանգած զինվորականներից մեկը։  

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ  ահազանգ  էինք ստացել նույն զինծառայողներից և մի խումբ սպաներից։ Վերջիններս նշել էին, որ իրենց հասանելիք գումարն ամբողջությամբ չեն ստացել։ ՊՆ-ն ավելի ուշ պարզաբանել էր, որ խոսքը հավելավճարների մասին է, և զինծառայողները դրանք ստանալու են, սակայն հունվար ամսին։ 
Ստացվում էր, որ զինծառայողները փաստի առաջ էին կանգնել, քանի որ ինչպես իրենք ասացին՝ նախորդ տարիներին դեկտեմբեր ամսվա աշխատավարձն ու հավելավճարը ստացել էին նույն ամսին, իսկ այս տարի նույնիսկ նախապես զգուշացված չէին եղել։ 
Նրանք նշում էին, որ չեն կարողանալու նույնիսկ իրենց ընտանիքների համար ամանորի մինիմալ հոգսը հոգալ՝ հավելելով, որ պետության կողմից արդարացի չէ մոտեցումն իրեն հանդեպ։

Պաշտպանության նախարարությունից փորձեցինք ճշտել՝ միայն պայմանագրայինների՞ն է գումար փոխանցվել, թե՞ սպաներին և զինվորական համակարգի այլ ծառայողներին նույնպես։
«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել: Ինչ վերաբերում է ծառայության համար սահմանված հավելավճարներին, ապա դրանք, ըստ գործող կարգի, կվճարվեն մինչև հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը»,- Auroranews-ին ասացին նախարարությունից։

Այսպիսով, պետք է փաստենք, որ մեր և զինծառայողների ահազանգն առանց արձագանք չմնաց, և նախարարությունը որոշակի քայլեր ձեռնարկեց՝ իրավիճակը շտկելու համար։
Նշենք, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ պարգևատրումները եղել են տարբեր չափերի։

Քաղաքականություն