ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա հրահանգ տվողը ենթադրում եմ, որ «թռնելու» է, բայց մյուսները մնալու են․ Քոչարյան
Իշխանությունները իրենց հանցանքին հանցակից են դարձնում բազմաթիվ պաշտոնյաների. Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս հայտարարեց, որ ներկա իշխանությունը հրաժարվել է այն սկզբունքից, որի դրոշների տակ եկել է իշխանության։ Ըստ Քոչարյանի՝ այդ առումով հետաքրքրիր էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթը։
«Երբ որ մենք ենք դա ասում՝ ընկալումը մեկն է, երբ իրենց թիմի կարկառուն ներկայցուցիչն է ասում ՝ արժեքը մեկ ուրիշ է»։
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո համայնքապետերի և թեկնածուների կալանավորումներին, Ռոբերտ Քոչարյանը այդ գործողությունները խայտառակություն որակեց։
«Կալանավորումների քանակը, որն այսօր է՝ երբևիցէ որևէ իշխանությունների մոտ չի եղել։ Իմ նախագահության ժամանակ ՏԻՄ-երին ուժային կառույցները ներգրավված չեն եղել։ Չեն եղել, որ նստեն մարզպետը, անվտանգության ներկայացուցիչը և ոստիկանապետը՝ ասեն «դու սա պետք է անես, դու՝ սա»։
Ըստ Քոչարյանի՝ ամենից վատն այն է, որ իշխանությունները իրենց հանցանքին հանցակից են դարձնում բազմաթիվ պաշտոնյաների։ Վերջիններս չեն պատկերացնում, որ պատասխան են տալու գործած հանցանքի համար։
«Իշխանությունը հանցանք է կատարում այս ամենով, բայց այդ հանցանքը կատարելիս հանցակից է դարձնում բազմաթիվ պաշտոնյաների։ Ոչ մի իշխանություն հավերժ չի լինում։ Մի պահ է գալու՝ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար՝ հանցակիցները։ Հիմա հրահանգ տվողը ենթադրում եմ, որ «թռնելու» է, բայց մյուսները մնալու են։ Ասում են՝ ոչինչ այդքան չի մտերմացնում մարդկանց, ինչքան համատեղ կատարած մեղքը՝ հիմա մենք առնչվում ենք այդ փաստի հետ»։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց՝ հասկանում է, որ հրահանգներ են տալիս, բայց խորհուրդ տվեց նույն այդ պաշտոնյաներին՝ գիծ քաշել ու նշել, որ որպես պաշտոնյա այդ գծից այն կողմ չեն անցնելու։
«Ասեք, որ ես որպես պաշտոնյա այդ գծից այն կողմ չեմ գնալու, որովհետև դրա համար գալու է պահը՝ ծանր պատասխան ենք տալու։ Վերջը այս ամենին որոշ մարդկանց համար շատ վատ է լինելու»։