Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը բավական լավ է:

«Երեկ գրանցվել է 129 նոր դեպք, մահվան 15 դեպք է արձանագրվել», - նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե նախատոնական ու տոնական օրերին էլ փորձեն պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա իրավիճակը կկարողանան կայուն վիճակում պահպանել:

Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ:

«Իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել է 670 հազար 710 քաղաքացի», - նշեց նա:

Ավանեսյանի խոսքով՝ մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է խթանիչ դեղաչափը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. պետք է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էին այն ժամանակ, երբ օրական թվերը հասնում էր 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում:

«Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ստացել է 3-րդ դեղաչափն ու բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել:

Քաղաքականություն