Ամսական որքա՞ն գումար կհատկացնի պետությունը երրորդ և հաջորդ երեխաների համար

Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն կտրամադրվի։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ նախագծի ընդունման նպատակն է նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրելա այն ընտանիքներին, որոնք պլանավորում են երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը։

«Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը։ Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022թ.-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,-ասաց նախարարը։

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այսպիսով կառավարությունը սկսում է իրականացնել ծրագիր, որով նախատեսվում է 6 տարի շարունակ ամենամսյա վճարումներ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի համար։

«Նախատեսվում է 2025թ.-ին իրականացնել արդյունավետության գնահատում՝ ծրագրի երեք տարվա արդյունքների մասով և ժողովրդագրական վիճակի բարելավման բավարար արդյունք արձանագրելու դեպքում աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ»,-նշեց նախարարը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ աջակցության այս ծրագիրը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վրա։

Քաղաքականություն