
«Ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը, թքած ունեք այն մարդկանց վրա, ովքեր ընտրել են Իմ քայլը դաշինքին». Գրիգոր Երիցյան

Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի կամ ավագանու հրավերով նիստերին կարող են ելույթ ունենալ նաև այլ անձինք։ Քաղաքապետ Մարությանը ելույթ ունենալու համար հրավիրեց ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանին։ Վերջինս վերջին ամբիոնից դիմեց նախկին գործընկերներին։ Երիցյանը ցավով է նշել, որ գործընկերների մի մասը համաձայնել են դառնալ խայտառակ, անարդար, հակաժողովրդավարական գործընթացի մի մասը։ Այն չի բխում քաղաքացիների, անգամ ավագանու անդամների շահերից։
«Գործընթացը ուղեկցվել է ավագանու մի քանի անդամների նկատմամբ տարատեսակ ճնշումներով, ինչը ապացուցում է, որ գործընթացը ոչ լեգիտիմ է։ Նպատակ ունի ամեն գնով ազատվել այն մարդկանցից, ովքեր չեն կիսում իշխող կուսակցության դիրքորոշումը»։
Երիցյանը նշեց, որ դահլիճում շուտով օրենքի տառին համապատասխան կերպով կամրագրվի անարդարությունը, օրենքի տառին համապատասխան քաղաքացու ձայնը կարհամարհվի և կարմատանա կուսակցապետությունը, որի դեմ պայքարել են։
«Ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը։ Դուք, ցավոք, թքած ունեք ժողովրդի, այն մարդկանց վրա, ովքեր ընտրել են Իմ քայլը դաշինքին։ Ցավում եմ, որ քայլ առ քայլ այս քաղաքական թիմը դառել է այն, ինչի դեմ այսքան պայքարել է։ Վերջին մեխն ենք մխում հեղափոխության վրա»։
Երիցյանը հավելեց՝ երբ ավագանիները մոտենան քվեախցիկին, մնալու են իրենց խղճի առաջ։ Պետք է իրենց հարցնեն՝ Երևա՞նն են սիրում ավելի շատ, թե ՔՊ-ն, և որնէ առաջնային ՝ հանրային, թե կուսակցական շահը։ Ավագանու նախկին անդամը նշեց՝ Մարությանը քիչ անց կդառնա Երևանի պատմության մեջ առաջին անդամը, որը իմպիչմենթի միջոցով հեռացվելու է պաշտոնից։