
Ցանկություն չունեմ իր հետ աշխատելու․ Աբգարյանը՝ քաղաքապետի թեկնածուի մասին

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հույս ունի, որ Հայկ Մարությանի պաշտոնանկությունը իրականություն չի դառնա, իսկ եթե Հրաչյա Սարգսյանը նշանակվի պաշտոնում,ապա իր համար լինելու է ոչ լեգիտիմ քաղաքապետ։
«Բնականաբար ցանկություն չունեմ իր հետ աշխատելու։ Նրան երբեք չեմ ճանաչի որպես Երևան քաղաքի քաղաքապետ։ Նրան տեսնելիս ասելու եմ՝ «Բարև ձեզ ՔՊ կուսակցության քաղաքապետ»»։
Աբգարյանը նշեց՝ Հրաչյա Սարգսյանը չի հասկանում իր հետ ինչ է կատարվում, դարձել է քաղաքական ֆիգուր։
«Նա քաղաքական թիմի լիդեր քաղաքապետարանում չի կարող դառնալ։ Չեմ պատկերացնում ո՞նց է ղեկավարելու այս անձնակազմը, չէ՞ որ նա չի ղեկավարելու ավագանուն, այլ քաղաքապետարանը։ Հավաքարարից մինչև վարչության պետ և աղբատար մեքենաների վարորդներ, բոլոր տեսնում են՝ տհաճ էր, որ Հրաչյա Սարգսյանը միացել էր ստորագրահավաքին։ Դա տգեղ բան էր նաև առաջարկողի կողմից»։
Ըստ Աբգարյանի՝ կոլեկյտիվ ղեկավարելիս անձը պետք է ունենա անբեկանելի հեղինակություն նրանց աչքերում, այլապես դառնում են самозванец։
«Հայկ Մարությանին քաղաքապետ չդիտարկել ինձ համար նշանակում է թքել ժողովրդավար ձևով անցկացրած ընտրությունների ու մարդկանց տված ձայների վրա։ Երևանցիները ձայն չեն տվել Փաշինյան ՔՊ կուսակցության ղեկավարին, այլ իմ քայլը հեղափոխական շարժման լիդերին, իսկ իմ քայլի անդամ ենք մենք բոլորս»։
Աբգարյանը նշեց, որ ինքը ավագանիում կլինի իրական ընդիմություն, որովհետև ավագանու ընդդիմությունը միացել է իշխանության ստորագրահավաքին, որի հիմքում ոչ թե քաղաքապետի վատ աշխատանքն է, այլ թիմի հետ ունեցած խնդիրը։ Աբգարյանը՝ անդրադառնալով հետագայում ավագանու մանդտը վայր դնելու հարցին, նշեց՝ հարցը կքննարկի Հայկ Մարությանի հետ՝ կհասկանա հետո ի՞նչ անել։
Աբգարյանը նշեց, որ ճգնաժամի այս վիճակում լավ կլիներ ավարտվեր իմպիչմենթ կոչվող «կապիկությունը» ՝ Երևանի պատմության մեջ չմտնել որպես ամենախայտառակ կազմ, որը քաղաքապետին անվստահություն է հայտնում քաղաքական հայացքների համար։ Փրկությունը, ըստ ավագանու անդամի կարող էր լիել, որ Հրաչյա Սարգսյանը հաներ թեկնածությունը ու նշեր, որ հրաժարվում է քաղաքապետ դառնալ։