Խաղաղապահները հրապարակել են Հայաստանի վերադարձրած ադրբեջանցիների լուսանկարները

ԼՂ–ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պաշտոնական Telegram ալիքը հրապարակել է երեկ` դեկտեմբերի 20-ին Ադրբեջանին փոխանցված երկու ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները։
 

Դրանցում երևում է, որ բանակցություններին մասնակցել են ՀՀ ԶՈՒ սպաներ, Ադրբեջանի ներկայացուցիչը, ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներն ու ռուսական զորախմբի ներկայացուցիչը։

Ըստ լուսանկարների` զինվորականները վերադարձվել են համապատասխան փաստաթղթերի ստորագրման արդյունքում։

Նրանց վերադարձրել են ռուսական կողմի միջնորդությամբ։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ադրբեջանական կողմին են հանձնվել դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողները»,– ասվում է կից հաղորդագրության մեջ:

 

 

Տեղեկությունը, որ Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին, երեկ երեկոյան հաստատել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ դա արվել է «մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ»։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու մասին հայտնել էր «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Այդ մասին գրել էր նաև ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում և նշել, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք տեղափոխվել են Երևան։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ