Հայաստանում մարդկանց հեռախոսները վարակում և լրտեսում են. Մարտիրոսյանը մեկնաբանում է

 Երեկ հրապարակվել է այն պետությունների ցանկը, որոնք օգտագործում են ծրագրեր՝ ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար, այդ ցանկում է նաև Հայաստանը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 

Մետայի-Ֆեյսբուքի եւ Սիթիզենլաբի կողմից իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է Cytrox լրտեսական սոֆտը։

 

«Սա կազմակերպություն է, որը տրամադրում է վերահսկող ծրագրեր ուժային կառույցներին, այսինքն պետություններին վաճառում է վիրուսներ՝ հետախուզական նպատակներով՝ հանցագործներին, ահաբեկիչներին բռնելու, հետևելու համար։ Պարզապես՝ իրենց հետաքննությունը գնացել է այն ուղղությամբ, որ  պարզել են՝ այդ ծրագրերը օգտագործում են ոչ այնքան այն ուղղությամբ, որը նշված է, այլ հաճախ օգտագործում են լրագրողների, քաղաքական գործիչների դեմ»,- ասաց Մարտիրոսյանը։

 

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հայտնի դարձավ՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում Apple-ի սարքերում։ Մարտիրոսյանը նշեց, որ այս դեպքը կարելի է համարել Pegasus-ի շարունակությունը։

«Այս ծրագիրը մակեդոնական է, ունի նաև իսրայելական կապեր»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցին՝ նախկինում էլ եղել են գաղտնալսելու և լրտեսելու գրանցված դեպքեր Հայաստանում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Pegasus-ի դեպքը։ Ուղղակի սա առաջին դեպքն է, որ Հայաստանը նշվում է որպես հավանական գնորդ այդ ծրագրի։ Ու երբ խոսքը գնում էր այդ ծրագրի վարակումների մասին ակնհայտ չէր, որ ներքին կարող է լինել, որովհետև վարակումը կարող էր Ադրբեջանից և Թուրքիայից լիներ»։

 

Ինչ վերաբերում է ծրագրից ապահովագրվելուն՝ Մարտիրոսյանը ընդգծեց, որ այնպես չէ, որ բոլորը այս ծրագրից կարող են խոցվել։

«Նմանատիպ ծրագրերը, սովորաբար, թանկ են, և ընդհանրացված «ինչ անենք» հարց չկա։ Սա այն մարդկանց է վերաբերում, որոնք իրոք հետաքրքիր են և ում վրա արժե մեծ գումարներ ծախսել. խմբագիրներ, մամուլի տերեր,  հետաքննող լրագրողներ, քաղաքական գործիչներ»,- ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ ըստ ուսումնասիրության՝ հայտնաբերվել են ծրագրի հաճախորդներ Եգիպտոսում, Հայաստանում, Հունաստանում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Կոլումբիայում, Կոտ դ Իվուարում, Վիետնամում, Ֆիլիպիններում եւ Գերմանիայում։

Քաղաքականություն