Քենեդու սպանության հետ կապված մոտ 1500 փաստաթուղթ է գաղտնազերծել

ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է մոտ 1500 փաստաթուղթ՝ կապված 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդու սպանության հետաքննության հետ։

 

Գաղտնի հեռագրերի, ծառայողական գրառումների եւ այլ փաստաթղթերի բացահայտումը համապատասխանում է Ջո Բայդենի կողմից սահմանված հոկտեմբեր ամսվա վերջնաժամկետին, եւ համահունչ է դաշնային օրենքին, որը պահանջում է կառավարության տրամադրության տակ եղած պետական գրառումները: Ակնկալվում է, որ լրացուցիչ փաստաթղթերը հաջորդ տարի կհրապարակվեն։

Ոչ մի ուղղակի ցուցում չկա, որ գրառումները պարունակում են բացահայտումներ, որոնք կարող են արմատապես փոխել 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում Լի Հարվի Օսվալդի կողմից Քենեդու սպանության հետ կապված իրադարձությունների վերաբերյալ հանրության ըմբռնումը:

Փաստաթղթերը ներառում են ԿՀՎ-ի հեռագրեր եւ ծառայողական գրառումներ, որոնցում քննարկվում են նախկինում բացահայտված, բայց երբեք ամբողջությամբ չբացատրված Օսվալդի այցերը Մեխիկոյում ԽՍՀՄ-ի եւ Կուբայի դեսպանատներ, ինչպես նաեւ Քենեդու սպանության հաջորդող օրերին սպանությանը Կուբայի հնարավոր մասնակցության մասին քննարկումները:

ԿՀՎ-ի մի հեռագրում նկարագրված է, թե ինչպես է Օսվալդը Մեխիկոյում գտնվելու ժամանակ զանգահարել խորհրդային դեսպանատուն՝ Խորհրդային Միություն այցելելու վիզա խնդրելու համար: Նա նաեւ այցելել է Կուբայի դեսպանատուն, ըստ երեւույթին, նպատակ ունենալով ստանալ զբոսաշրջային վիզա, որը թույլ կտա նրան այցելել Կուբա եւ սպասել այնտեղ խորհրդային վիզայի: Հոկտեմբերի 3-ին՝ սպանությունից ավելի քան մեկ ամիս առաջ, նա Տեխասի սահմանի անցակետով մեքենայով վերադարձել է ԱՄՆ։

Մեկ այլ գրառման մեջ, որը թվագրված է Քենեդու սպանության հաջորդ օրը, ասվում է, որ, համաձայն Մեխիկոյում գաղտնալսված հեռախոսազրույցի, Օսվալդը նույն տարվա սեպտեմբերին խորհրդային դեսպանատանը խոսել է ՊԱԿ-ի աշխատակցի հետ:

Քենեդու սպանությունից հետո Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են Կուբայի դեսպանատան մեքսիկացի աշխատակցուհուն, ում հետ Օսվալդը զրուցել է, եւ նա ասել է, որ Օսվալդը «կոմունիստ եւ Կաստրոյի երկրպագու էր ներկայանում», ասվում է հեռագրում։

ԿՀՎ-ի մի փաստաթղթում նշվում է Կուբայի այն ժամանակվա առաջնորդ Ֆիդել Կաստրոյի սպանությանն նպատակով ԱՄՆ կառավարության դավադրությունը, ներառյալ 1960 թվականի դավադրությունը, որը «կապված էր հանցավոր աշխարհի օգտագործմամբ Կուբայի ներսում շփումների հետ»:

Քաղաքականություն

Պատահարներ